← Բոլոր հրապարակումները
Նորություններ· Ինդուստրիա· 22 հոկտեմբերի, 2026 թ.· 3 րոպե ընթերցում

Կեղծ ֆան-էջերի սկանդալը երաժշտական մարքեթինգում

Ուսումնասիրություն այն մասին, թե ինչպես են մարքեթինգային գործակալություններն ու արտիստների թիմերը սոցիալական ցանցերում գաղտնի երկրպագուների էջեր, տրամադրություն ստեղծող («vibe») ալիքներ և վճարովի կարճ տեսանյութերի (clipping) սխեմաներ վարում՝ արհեստականորեն երաժշտական ֆանդոմ ձևավորելու նպատակով։

Կեղծ ֆան-էջերի սկանդալը երաժշտական մարքեթինգում
Պատկերները՝ Armenian National Music

TikTok-ում և Instagram-ում հազարավոր էջեր կան, որոնք արտաքինից սովորական ֆան-էջերի են նման՝ հրապարակում են էդիթներ, մեմեր ու համերգներից վիդեոներ: Բայց իրականում դրանց հետևում շատ հաճախ կանգնած են վճարվող մարքեթոլոգներ, գործակալություններ կամ հենց երգչի թիմը: 2026 թվականին այս թեման մեծ սկանդալ դարձավ՝ Billboard-ի հարցազրույցից, Wired-ի հոդվածից և Geese խմբի շուրջ բարձրացած աղմուկից հետո: Հիմա բոլորին մեկ հարց է տանջում. որտե՞ղ է ավարտվում մարքեթինգը և սկսվում մարդկանց խաբելը:

Դեպք, որը շատ հարցեր առաջացրեց. @sombrfans 2026 թվականի հոկտեմբերի 7-ին լրագրող Լյուսի Հարբրոնը հոդված գրեց ամերիկացի արտիստ sombr-ի «ֆան-էջի»՝ @sombrfans-ի մասին: Էջը հրապարակում է համերգային տեսանյութեր, հուզված հանդիսատեսի արձագանքներ և արտիստին նվերներ տալու պահեր: Բայց վիդեոներից շատերը նկարված են բեմի անմիջապես դիմացից, որտեղ թույլ են տալիս մտնել միայն մամուլին ու լուսանկարիչներին: Որոշ կադրերում նկարողն անգամ կանգնած է հենց արտիստի կողքին: Reddit-ում մարդիկ սկսեցին կասկածել՝ արդյոք էջն իրականում հենց արտիստի թիմը չի վարում: Հստակ ապացույցներ չկան, իսկ sombr-ի PR թիմն էլ չի պատասխանել լրագրողի հարցերին: Բայց այլ աղբյուրներ (օրինակ՝ LatestLY, inkl) նշում են, որ sombr-ը Chaotic Good Projects մարքեթինգային գործակալության հաճախորդն է:

Պաշտոնական և թաքնված ֆան-էջեր Աստղերի և իրենց ֆանատների համագործակցությունը նոր բան չէ: Օրինակ, Թեյլոր Սվիֆտի @taylornation և Օլիվիա Ռոդրիգոյի @livieshq էջերը բացահայտ կերպով վարում են արտիստների թիմերը: Նրանք նույնիսկ մրցույթներ ու խաղարկություններ են անում: Նույնն էլ Սաբրինա Կարպենտերի Team Sabrina էջն է, որը TikTok-ում ունի ավելի քան 13,5 միլիոն հետևորդ: Այստեղ որևէ վատ բան չկա. մարդիկ գիտեն, թե ում հետ գործ ունեն: Խնդիրն առաջանում է, երբ սկսնակ կամ փոքր արտիստները «ստեղծում են» կեղծ ֆան-էջեր՝ ցույց տալու համար, թե իբր արդեն մեծ լսարան ունեն: SMM մասնագետ Բրայոնի Գրեյմ-Ռադդի խոսքով՝ վերջին տարիներին արտիստների էջերը վարելիս հաճախ ստիպված են լինում զբաղվել նաև նման կեղծ ֆան-էջեր ստեղծելով:

Ինչպես է աշխատում սխեման. Հիմնական մեթոդները

  • «Վայբ» էջեր. Ստեղծվում են թեմատիկ էջեր (օրինակ՝ 90-ականներին նվիրված): Տեսանյութերի տակ միացվում է նոր երգ: Մարդիկ դիտում են վիդեոն՝ չհասկանալով, որ իրականում թաքնված գովազդ են նայում:

  • Թեմատիկ էդիթներ. Something Something գործակալության հիմնադիր Լիամ Ջեյմս Ուորդը պատմում է, որ իրենք ստեղծել էին մի հայտնի սերիալի ֆան-էջեր ու այնտեղ տեղադրում էին վիդեոներ՝ իրենց հաճախորդների երաժշտությամբ: Արդյունքում երգը տպավորվում է, ու ալգորիթմներն այն ավելի շատ են տարածում:

  • Պատրաստի էջերի ցանցեր. Stem ընկերության ներկայացուցիչ Բոբի Դավինը հաստատել է, որ գործակալությունները հաճախ ունենում են էջերի պատրաստի ցանցեր, որոնք օգտագործում են արհեստական ակտիվություն ապահովելու համար:

  • Կլիպինգ (Clipping). Լեյբլը գումար է վճարում էջերին, որպեսզի նրանք իրենց վիդեոներում օգտագործեն տվյալ երգը: Ըստ OpusClip-ի՝ մեկ միլիոն դիտման գինը մոտ 1000 դոլար է: Այն արտաքնապես սովորական ֆան-վիդեո է հիշեցնում, ուստի շատ դժվար է հասկանալ, որ այն գովազդային է:

  • Կեղծ մեկնաբանություններ. Սա ամենավատ մեթոդն է. կեղծ ակաունթների միջոցով մեկնաբանություններ են գրվում, որպեսզի մարդկանց կարծիքը որոշակի ուղղությամբ տանեն: Հենց սա դարձավ գործակալություններից մեկի շուրջ ծագած սկանդալի պատճառը:

    Chaotic Good և Geese. Սկանդալը Chaotic Good Projects-ն ամերիկյան գործակալություն է, որը Billboard-ի հարցազրույցում բացահայտ պատմեց իրենց մեթոդի մասին: Նրանք դա անվանում են «թրենդի նմանակում»: Գաղափարն այն է, որ արհեստականորեն այնքան բովանդակություն ու արձագանք ստեղծեն, որ ալգորիթմը խաբվի ու երգն ընկալի որպես իրական հիթ: Համաձայն հրապարակումների՝ այս գործակալությունը հազարավոր կեղծ ակաունթներ է օգտագործել ու գրասենյակում տասնյակ iPhone-ներ է պահել հենց այդ նպատակով: Նրանց հաճախորդներից են եղել Geese խումբը, sombr-ը և այլք:

    Ի՞նչ են ասում օրենքներն ու հարթակները Ֆան-էջ ունենալն ինքնին օրինական է, բայց թաքնված գովազդն ու կեղծ ակաունթներն արդեն արգելվում են:

    • ԱՄՆ-ում արգելված է գնել կամ վաճառել կեղծ հետևորդներ ու ցուցիչներ:

    • Մեծ Բրիտանիայում կեղծ կամ թաքնված գովազդների համար լուրջ տուգանքներ են նախատեսվում:

    • TikTok-ը պահանջում է, որ վճարովի գովազդային հոլովակները պարտադիր ունենան համապատասխան նշում, հակառակ դեպքում դրանք կհեռացվեն կամ կսահմանափակվեն:

    Ամենակարևորը վստահությունն է. եթե պարզվում է, որ հանդիսատեսին խաբել են, արտիստի հեղինակությունը շատ լուրջ տուժում է:

Աղբյուր: Amara

Կարդացեք նաև

Նորություններ· Հեղինակային իրավունք· 22 հոկտեմբերի, 2026 թ.· 1 րոպե ընթերցում

Երաժշտական հրատարակիչները դատարանում վիճարկում են Anthropic-ի կողմից երգերի տեքստերի օգտագործումը

Երաժշտական առաջատար հրատարակիչները պնդում են, որ Anthropic-ի Claude-ը վնասում է երգերի շուկայական արժեքին, իսկ տեխնոլոգիական ընկերությունը հերքում է կորուստների առկայությունը։

Կարդալ →
Նորություններ· Հեղինակային իրավունք· 22 հոկտեմբերի, 2026 թ.· 1 րոպե ընթերցում

Միջազգային կոալիցիան Ավստրալիային կոչ է անում մերժել AI-ի համար հեղինակային իրավունքի բացառությունները

63 միջազգային կազմակերպություններ Ավստրալիայի իշխանություններին կոչ են արել չընդունել օրենսդրական փոփոխությունները, որոնք AI մոդելներին թույլ կտան օգտագործել հեղինակային բովանդակությունն առանց լիցենզիայի։

Կարդալ →
Նորություններ· AI և երաժշտություն· 21 հոկտեմբերի, 2026 թ.· 1 րոպե ընթերցում

AFM-ը պահանջում է երաժիշտների համաձայնությունն ու վարձատրությունը լեյբլների AI գործարքներում

Երաժիշտների ամերիկյան ֆեդերացիան արշավ է սկսել՝ պահանջելով երաժիշտների պարտադիր համաձայնությունն ու վճարումը խոշոր լեյբլների AI գործարքներից։

Կարդալ →